ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Արմեն Միկոյանի աշխատանքների անդրանիկ ցուցահանդեսի առթիվ

Արմեն Միկոյանի աշխատանքների անդրանիկ ցուցահանդեսի առթիվ
22.07.2013 | 17:46

Վանաձորի կերպարվեստի պետական թանգարանում 2013 թ. ապրիլին բացվել էր երիտասարդ գեղանկարչի ստեղծագործությունների անդրանիկ անհատական ցուցահանդեսը, որը գործեց շուրջ երկու ամիս։

Այդ աշխատանքները հիմնականում Արմենի վերջին երկու տարիների ստեղծագործական պրպտումների ու որոնումների արդյունք են։
Ցուցադրվող 35 գեղանկարչական աշխատանքները դիտելուց ու մարսելուց հետո հանգում ես մեկ հաստատուն կարծիքի՝ երիտասարդ նկարչի ստեղծագործական առաջին քայլերը հստակ են և ամուր հիմքեր են պարունակում հետագայում առավել լուրջ գեղանկարչական կտավներ ստեղծելու, մեր նշանավոր ու տաղանդաշատ նկարիչների շարքերը համալրելու։ Արմենի դեռ ուսանողական տարիներին ցուցադրվող նկարներում մասամբ ստեղծագործական մոտեցումների և դասական ոճին հարազատ մնալու, իրերն ու երևույթները ակադեմիական ճշմարտությամբ վերարտադրելու հակում էր նկատվում, ինչ-որ չափով ստեղծագործական մոտեցումների սակավություն էր զգացվում. իսկ այսօրվա աշխատանքներում արդեն նկատում ես ստեղծագործական առումով այն հսկայական թռիչքը և որակական փոփոխություններն ու հասունացումը, որ ունեցել է երիտասարդ նկարիչը վերջին երկու տարում՝ ակադեմիական ուսումնառության ժամանակ։
Դիտելով ցուցահանդեսում ներկայացվող կոմպոզիցիոն ֆիգուրատիվ բնանկարներն ու այլ ժանրի գործեր՝ հստակ համոզվում ես, որ մենք մոտ ապագայում ականատեսը կլինենք ևս մեկ շնորհաշատ նկարչի կայացման, որ այսօրվա փնտրումների մեջ գտնվող երիտասարդ նկարիչը գեղանկարչական աշխարհ կմտնի իր սեփական ձեռագրով։ Բնական է նաև այն, որ հետագայում նրա աշխատանքների հանդեպ այլ պահանջներ են լինելու, քան այսօր է։ Արմենի արվեստում (ինձ թույլ եմ տալիս ասել) մի բան հստակ է. կատարողական ոճերի ու գուներանգների փնտրումներով հանդերձ նրա վրձնահարվածները վստահ են, համարձակ, ամուր է կանգնած գեղանկարչական աշխարհի ակունքներում և, որ ամենակարևորն է ամեն մի պրոֆեսիոնալ նկարչի համար, գծանկարը, կառուցումները ևս ամուր են, հստակ ու վստահ։ Կտավները հագեցած են գունային բազմազանությամբ և տոնային ընդհանրացված լուծումներով, զուրկ մանր-մունր երկրորդական մանրամասնություններից։ Առկա են գունային ու ծավալային մեծ ընդհանրացումներ ու խտացումներ, ինչպես դա բնորոշ է վարպետների աշխատանքներին։ Վերոհիշյալ մոտեցումներով են արված նկարչի՝ բնորդների շարքի և բնանկարների շատ գործեր։ Ցուցահանդեսի աշխատանքներից որոշակիորեն իր կատարողական տեխնիկայով ու մոտեցումներով առանձնանում է «Կրքերի իշխանություն» կոմպոզիցիոն ֆիգուրատիվ կտավը։ Այստեղ երիտասարդ նկարիչը փորձել է կտավում գունային լուծումները զուգորդել շոշափելի ծավալային-բարելիեֆային լուծումներով, որոնք առավել շոշափելի ու զգացմունքային են դարձնում սիրո տվայտանքներում ընկղմված կնոջ և տղամարդու պլաստիկ շարժումները, նրանց ապրումները, նրանց ներաշխարհն ու հուզաշխարհը։ Սակայն պետք է նաև նկատել, որ նման ռելեֆային լուծումներով աշխատանքներում առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել ֆիգուրների անատոմիական կառուցվածքային առանձնահատկությունների ճշմարտացի վերարտադրմանը, և եթե աշխատանքում տեղ են գտել միտումնավոր որոշակի շեղումներ ակադեմիականից, ապա դրանք առավելագույնս պետք է նպաստեն բուն թեման լիարժեք ընկալելի դարձնելուն և եթե չեն, ապա դրանք կարող են ազդել ստեղծագործության գեղարվեստական արժեքի վրա։ Իսկ որ այս աշխատանքով զգացվում է, որ գեղանկարիչը չի սիրում ընթանալ գեղանկարչության տրորված ճանապարհներով, ձգտում է գտնել սեփական գծային, գունային լուծումներ ու արտահայտամիջոցներ, դա արդեն ինքնըստիքյան գովելի է ու խրախուսելի։
Ցուցահանդեսում զգալի են ֆիգուրատիվ բնորդային աշխատանքները, և պետք է նկատել, որ դրանք բավականին հեռու են պասսիվ ակադեմիական վերարտադրությունից և ստեղծագործական լուրջ տարրեր են պարունակում, գերիշխում է ստեղծագործող նկարչի մտածողությունը. դրանք դարձել են գրեթե ավարտուն գեղանկարչական հաջողված ստեղծագործություններ, որոնցում նկարիչը ներդրել է իր զգացմունքները բնորդի հանդեպ, իր մոտեցումները գունային լուծումների հարցում և որ ամենագլխավորն է՝ նկարիչը հասել է բնորդների ներաշխարհի, նրանց ապրումների բացահայտմանը՝ ընդգծելով կանացի մարմնի առավել գեղեցիկ պլաստիկ կողմերը՝ տեղ-տեղ նուրբ գունային ու տոնային անցումներով, տեղ-տեղ՝ գունային ու ծավալային մեծ ընդհանրացումներով։ Զգալի են երիտասարդ նկարչի համարձակ, չկարկամող մոտեցումներն ու լուծումները։ Այս շարքի աշխատանքներում նկարիչը գրեթե մի կողմ է թողել լսարանային, բնորդային ակադեմիական մոտեցումները և հրաժարվել մանրամասներ վերարտադրելու ավանդական ձևերից։ Այս աշխատանքները հուշում են, որ Արմենի վրձինը ճիշտ ճանապարհի վրա է, որ վախվխացող վրձնահատվածներով ոչնչի չի հասնի։ Վերևում ասածներիս վառ հավաստիքն են «Հայացք», «Մարմին և հոգի», «Ժամանակի փոշում», «Էլի կգա՞ս» և էլի շատ գործեր, որոնցում հեղինակը, օգտվելով բնորդներից, զգալով այս մոդելների գեղագիտական կողմերը, պլաստիկան ու հարուստ գուներանգները, կերտում է ի՛ր մոդելը, ի՛ր կերպարը, նաև նրանց երազային ներքնաշխարհը։ Դրանցում, իրոք, առկա են ստեղծագործական լուրջ մոտեցումներ, մեծ ընդհանրացումներ՝ հարազատ մնալով տվյալ բնորդի կերպարին։ Հիշյալ գործերն անշուշտ վկայում են, որ երիտասարդ նկարիչը ստեղծագործական վերելք է ապրում, և այդ ընթացքը դադար չի ունենալու, քաջ գիտակցելով, որ դադարները արվեստի ճանապարհի մահ են, որ ստեղծագործական տարերքի մեջ գտնվող նկարչի վրձնի թափը կանգնեցնել հնարավոր չէ։
Արմենի ստեղծագործական որոնումներն ու պրպտումները, որ առկա էին այս ցուցահանդեսի աշխատանքներում, կարճ ժամանակ անց իրենց պտուղներն են տալու. փորձարկումների, էքսպերիմենտների ընթացքն ու առկայությունը բոլոր խոշոր նկարիչների երկար, ինքնահաստատման հասած ճանապարհի ուղեկիցներն են։
Շնորհավորելով երիտասարդ գեղանկարչին առաջին հաջողված ցուցահանդեսի առթիվ, ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել մեծն Լեոնարդո դա Վինչիի մարգարեական խոսքերը. «Բավական է նկարչին մեկ տոկոս տաղանդ և աշխատասիրությունը նրան կհասցնի արվեստի գագաթներ»։ Իսկ որ դու Աստծո կամոք օժտված ես այս երկուսով էլ (մանավանդ այդ տոկոսը բավականին բարձր է), ուրեմն հետևությունը քոնն է՝ սպասելիքները մերը։
ՈՒզում եմ ավելացնել նաև Արմենի բնավորության մի կարևոր գիծ. դա այն նպատակասլացությունն է, որ նստած է նրա մեջ։
ՈՒրեմն սպասելու ենք։ Բարի երթ քեզ արվեստի դժվարին մաքառումներում, որոնց վերջը լուսավոր է լինելու։
Թող քո պրպտումները վերջ չունենան…


Կառլեն ՔՈՉԻՆՅԱՆ
Նկարիչ-մանկավարժ
Հայաստանի նկարիչների միության անդամ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ